«Ալյանսը» ընտրություններին գնալու է իր սեփական վարչապետի թեկնածուով։ Այս մասին «Ալյանս» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Ալյանս» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է սեփական թիմով, սեփական կազմով, սեփական համակիրներով: Քանի որ դա միակ համապետական ընտրությունն է, որի միջոցով հնարավոր է ձևավորել քաղաքական մեծամասնություն կամ մեծամասնության մաս, և առաջադրել վարչապետի թեկնածու, ապա «Ալյանս»-ը գնալու է իր սեփական ցուցակով և իր սեփական վարչապետի թեկնածուով»,-իր ելույթում ասել է ՈՒրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ ապագայում կուսակցությունը հանրահավաք կհրավիրի, որի ժամանակ ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես անել իշխանափոխությունը՝ փողոց դուրս գալու, թե ընտրությունների միջոցով:
«Եթե հասարակական պահանջը եղավ, որ պետք է լինեն ընտրություններ, մենք չենք սպասելու, որ իշխանությունն ընտրություն անի: Մենք ինքներս պետք է այդ գործողությունը գեներացնենք»,- ասել է Ուրիխանյանը:
Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, քանի որ ոչ միայն չի կատարել իր տված խոստումները, այլ նաև երկիրը հասցրել է խայտառակ պարտության: