Առանց Ռուսաստանի նախագահի, ԼՂ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս, նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ լրագրողների հետ զրույցում:
Նա հիշեցրել է 2016 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև 4-օրյա պատերազմը՝ հավելելով, որ «այն ժամանակ Քարտեզ էր պատրաստվել, բայց, ցավոք, հակամարտող կողմերը դրանից չօգտվեցին», որը «հանգեցրեց նոր հակամարտության, մեծ թվով զոհերի»:
«Եվ շատ լավ է, որ Ռուսաստանի նախագահի անթերի աշխատանքի շնորհիվ կրակը դադարեցվեց, հակառակ դեպքում, պատերազմը կարող էր շարունակվել մինչ օրս», – ընդգծել Է Մեդվեդեւը: Նա հավելել է, որ «դա հսկայական աշխատանք է, որի համար և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պետք է երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահին»:
«Այն բանից հետո, երբ 2020 թվականի նոյեմբերին տարածաշրջանում հակամարտության թեժ փուլը դադարեցվեց, իրավիճակն, ընդհանուր առմամբ, հանդարտվեց, և դա ամենակարևորն է. մարդիկ չեն մահանում և զարգացման հնարավորություններ կան», – նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Ի դեպ, Մեդվեդեւը ԼՂ-ում Մոսկվայի եւ Անկարայի համագործակցությունը երկարաժամկետ քաղաքականության տարր չի համարում: Միաժամանակ, նա բարձր է գնահատում Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, նշելով, որ այդ երկիրը հանդիսանում է Ռուսաստանի կարևոր գործընկերը և շատ մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Մեդվեդևի խոսքով՝ այդ համգամանքը հաշվի չառնել հնարավոր չէ:
Իսկ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցին, Մեդվեդևն ասել է, որ այն հիմա քննարկել չի կարելի:
«Միանգամայն ակնհայտ է բոլորին, որ ԼՂ կարգավիճակի հարցն իսկապես լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել: Հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում են քննարկումներ ընթանում: Իսկ ես հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին, չգիտես ինչու, ինչ-որ կերպ մոռանում են։ Ուստի, կարգավիճակի մասին հարցն ավելի լավ է թողնել ապագային», – վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։