«Ժամանակ»-ը գրում է. «Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և «կրելու» մասին հայտարարած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը որոշում են կայացրել անցնել կոնկրետ ու կտրուկ գործողությունների։ Հասկանալով, որ ընտրություններին մասնակցելու, առավել ևս կրելու որևէ շանս չեն ունենալու, այս շաբաթ փորձելու են կառավարության շենքը գրավելու նոր փորձ անել»։
«Փաստ»-ը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «իմքայլական» փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է: «Փաստ» թերթի տեղեկություններով, Բաբայանի գործունեության մեջ ի հայտ են եկել կասկածելի գործարքներ, որոնք նա փորձել է ինքնուրույն կյանքի կոչել»։
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են հերթական այցը տարածաշրջան: Արցախի հարցի քաղաքական լուծմանը մեծ կարեւորություն տալու մասին է խոսում այն փաստը, որ համանախագահող երկրի՝ ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աշխատանքային օրակարգի առաջին հորիզոնականներում է ընդգրկված նաեւ այս հիմնահարցը: Վերջինս մի քանի օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ»:
«Փաստ»-ը գրում է. «Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։ Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների, ինչի մասին նա վերջերս բաց տեքստով խոստովանել էր՝ նշելով, որ ծանր որոշումներ են սպասվում, ապա ավելի ուշ՝ փորձել ասելիքը սրբագրել»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կայացել: Բանն այն է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած էր: Երեկ նոր հայտնի դարձավ, որ նրա տեստը արդեն բացասական է եղել: Ըստ մեր աղբյուրների՝ այդ «պատմական» հանդիպումը կկայանա այսօր կամ վաղը, որին մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Մանուկյանը»:
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, կորոնավիրուսով է վարակվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա վարակվել է իր վաղեմի «ոխերիմ բարեկամից»՝ ՊԵԿ նախկին նախագահ, վերջերս կալանքից ազատված Գագիկ Խաչատրյանից: Քաղաքական դաշտում հիշում են, թե որքան լարված էին ժամանակին նրանց հարաբերությունները»։