Հայկական պատվիրակությանը հաջողվել է ԵԽԽՎ-ում քննարկման թեմա դարձնել հայ ռազմագերիների հարցը։ Այս մասին ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Հայկական պատվիրակության նպատակն է եղել հայ ռազմագերիների հարցը դարձնել քննարկման թեմա ԵԽԽՎ-ի բոլոր հնարավոր մակարդակներում։ Ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ ՌԴ ընդդիմադիր գործիչ Նավալնիի հարցն է առաջնահերթ լինելու պատվիրակների մեծամասնության համար։ Դա իմանալով՝ մենք հայ ռազմագերիների քննարկման հարցը մտցրել ենք օրակարգ՝ որպես պայքարի ևս մեկ միջոց, եթե նույնիսկ մերժվենք»,- շեշտեց Ռուբինյանը։
Ըստ Ռուբինյանի՝ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակների նպատակն էր ցույց տալ, որ հակամարտությունն ավարտվել է։ Իսկ հայկական կողմը ցանկացել է ցույց տալ, որ Ադրբեջանը խախտում է հայտարարության դրույթը:
Հարցին՝ թե ինչպես է Ռուբինյանը մեկնաբանում ԼՀԿ-ական պատգամավորի քննադատությունը, թե ինքը տապալել է ԵԽԽՎ-ում աշխատանքը, նա հրաժարվեց պատասխանել և նշեց՝ «Հարցրեք Մարուքյանին»։
Ռուբինյանը նաև ասաց, որ Հայաստանը շարունակում է Արցախի անվտանգության երաշխավորը մնալ։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։ Հայ պատգամավորներին չհաջողվեց ռազմագերիների վերադարձի հարցը մտցնել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ, ինչպես նաև հասնել նրան, որ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցում սանձազերծած պատերազմի համար Ադրբեջանին մեղադրող ձևակերպումներ տեղ գտնեն։ Ընդդիմադիրների կողմից հայ պատվիրակության աշխատանքը սուր քննադատության արժանացավ։ Կարծիքներ հնչեցին, թե պատվիրակությունը տապալել է աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյութում․