ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը պատվիրակության բյուրոյի մի քանի անդամի հետ կապի մեջ է եղել, որոնք, նրա հավաստմամբ, անհարմար են զգացել, որ հայկական կողմից ներկայացված հայ ռազմագերիների հարցը չեն կարող օրակարգ մտցնել:
Հովհաննես Իգիթյանը խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ԵԽԽՎ-ում մի քանի երկրների պատվիրակության անդամներից բացի, մյուսները հակաադրբեջանական տրամադրվածություն ունեին։
«Ես ներկայացրեցի, որ ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին ընդամենը մեկ բանտարկյալ է։ Նա հայտարարել է, որ իր պահման պայմաններն այդքան էլ վատը չեն, իսկ մենք ասում ենք՝ Ադրբեջանում կան հարյուրավոր հայ երիտասարդներ, որոնց ճակատագիրն անհայտ է»,- հավելեց իշխանական պատգամավորը։
Բացի այդ, Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Եվրախորհրդարանը վերջերս երկու բանաձև է ընդունել. անվտանգության և մարդու իրավունքների մասին: Երկուսում էլ, ըստ պատգամավորի, նշվում է Արցախի խնդիրը:
«Այն ներկայացվել է ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ այն առումով, որ Ադրբեջանն արգելված զենքի տեսակներ է կիրառել, ռազմական ճանապարհով խախտել է ստատուս քվոն, ինչը դատապարտման է արժանի, և այդ բանաձևերի հիմնական կոչն ուղղված էր հենց Ադրբեջանին»,- ընդգծեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։ Հայ պատգամավորներին չհաջողվեց ռազմագերիների վերադարձի հարցը մտցնել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ, ինչպես նաև հասնել նրան, որ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցում սանձազերծած պատերազմի համար Ադրբեջանին մեղադրող ձևակերպումներ տեղ գտնեն։ Ընդդիմադիրների կողմից հայկական պատվիրակության աշխատանքը սուր քննադատության արժանացավ։ Կարծիքներ հնչեցին, թե պատվիրակությունը տապալել է աշխատանքը։