Դուք երևի միամտորեն ակնկալում էիք, որ խայտառակ դավաճանական կապիտուլյացիայից հետո մենք այսօր այստեղ պետք է քննարկեինք ռազմագերիների, մեր տեղահանված տասնյակ հազարավոր արցախցիների խնդիրը, որոնցից մեկին՝ Վահան Բադասյանին կալանավորման սանկցիա տվեցին, հիմնավորմամբ, որ մշտական բնակության վայր չունի, իսկ որտեղի՞ց ունենա, եթե հադրութցի Վահան Բադասյանին դուք զրկել եք մշտական բնակության վայրից։ Այս մասին ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Կարծում էիք՝ պետք է քննարկենք այն, որ հարբած ադրբեջանցիները Սյունիքում երբ ուզում՝ կրակում են, բայց ոչ, այս իշխանության համար կա շատ ավելի կարևոր օրակարգ՝ ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը, քանի որ բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են լինել Փաշինյանի «վնգստացող դատավորները» և հրաժարվում են կատարել կեղտոտ քաղաքական պատվեր»,- ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ այսօրվա առաջարկվող օրակարգի փոխարեն ԱԺ-ը պետք է հատուկ պատվիրակություն ուղարկեր «Զվարթնոց» օդանավակայան՝ պարզելու, թե ինչո՞ւ են որոշ ավիաընկերություններ Երևան-Մոսկվա միակողմանի տոմսի գինը դարձրել 1050 ԱՄՆ դոլար։
Բա դուք չե՞ք ուզում մեզ հետ գալ, հարցնել հայրենիքը լքող այդ մարդկանց, թե ինչու՞ են գնում,- հարցրեց պատգամավորը՝ հավելելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցել է ավիաընկերությունների հետ և թռիչքի հետ կապված որոշ հարցեր կպարզեցվեն։
«Սա մեր ողբերգությունն է, որ մարդիկ տնով-տեղով լքում են հայրենիքը, և փոխանակ մենք հասկանանք, թե ինչպես անել, որ հայը մնա իր հայրենիքում, մենք այստեղ ավելացնում ենք «վնգստացող դատավորների» թիվը, որովհետև պարկեշտ դատավորները հրաժարվում են տալ կալանքի այն սանկցիաները, որոնք ուզում է երկրի գլխավոր ֆեյքը»,- ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ի այսօրվա՝ փետրվարի 3-ի արտահերթ նիստում, քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։