«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ տարածաշրջանային՝ Եվրամիության, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեսակոնֆերանսի ընթացքում իր խոսքերը խեղաթյուրել են։ Նրա պնդմամբ՝ չի ասել, թե «կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը»։
Ըստ իշխանական պատգամավորի՝ իրեն վերագրել են խոսքեր, որոնք չի արտահայտել։
«Ես այդպես չեմ ասել։ Կոնտեքստից կտրված արտահայտության վրա հնարվել են հայտարարություններ։ Միակ նախադասությունը, որի վրա կառուցվել է այդ ամբողջ սուտը, եղել է ի պատասխան թուրք ներկայացուցչի պնդմանը, թե Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը: Ես պատասխանել եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող՝ ի նկատի ունենալով, որ 30 տարի Ադրբեջանը փորձում է հիմնավորել Արցախի պատմական կարգավիճակը՝ հնարելով պատմություն, բայց մենք դրա մեջ ավելի լավ ենք, և մեր անտիկ մեջբերումներն ապացուցում են հակառակը»,- պարզաբանեց Բեղլոյանը:
Պատգամավորի խոսքով՝ ինքը տեսակոնֆերանսին խոսել է անհապաղ հայ գերիներին վերադարձնելու մասին:
«Ես ասել եմ, որ Արցախի հարցը պետք է ոչ թե քննարկվի այդ սեմինարի ընթացքում, այլ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության կողմ հանդիսացող երկրների ղեկավարների միջև։
Հիշեցնենք՝ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, մի շարք հակահայ հայտարարություններ է արել։
Անուշ Բեղլոյանը մասնավորապես ասել է՝ «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը»։
Հիշեցնենք նաև, որ այսօր ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ասնակիցները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի լուսանկարը «դավաճան» գրությամբ, ինչպես նաև աթարով լցված ուսապարկեր նետեցին ԱԺ բակ։
Հավելենք, որ ԼՀԿ-ական Գևորգ Գեորգիսյանը «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին առաջարկել է քննարկել Անուշ Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը, ինչպես նաև նրան չթույլատրել մասնակցել միջազգային կոնֆերանսներին։
Նշենք, որ ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները, Հայրենիքի փրկության շարժման անդամները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հրաժարականը։