Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, փոխմարզպետները, Դատախազության, Քննաչական կոմիտեի, Ոստիկանության, մարզային վարչությունների, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:
Արարատի մարզպետը և փոխմարզպետերն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ պայմանավորված կորոնավիրուսային պանդեմիայով ու պատերազմով գյուղմթերքների արտադրության ծավալները փոքր նվազում են արձանագրել, սակայն, օրինակ՝ խաղողի ու բանջարեղենային կուլտուրաների արտադրությունն աճել է: Նշվել է, որ մարզում գյուղնշանակության հողատարածքների թիվը կազմում է 156 հազար հեկտար, որոնց թվում են նաև արոտավայրերը: Մշակվող հողատարածքների թիվը հասնում է 42 հազարի:
Այս համատատեքստում վարչապետը կարևորել է մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ նշելով, որ կառավարությունը տարբեր միջոցառումներով, սուբսիդավորվող ծրագրերով շարունակելու է գյուղոլորտի խրախուսմանն ուղղված քայլերը:
Տեղեկացվել է, որ 2020 թվականին մարզում իրականացվել է 2,5 մլրդ դրամի 73 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորումը կազմել է 1,3 մլրդ դրամ: Բոլոր ծրագրերի արդյունավետությունն ապահովելու նպատակով իրականացվել է հետևողական վերահսկողություն: 2021-ի առաջին ամսվա ընթացքում Արարատի մարզից արդեն իսկ ստացվել է 5 սուբվենցիոն ծրագրի հայտ:
Խորհրդակցությունից հետո վարչապետ Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի: