«Ժամանակ»-ը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ երկրի իշխանությունները քննարկում են հարևան երկրների, այդ թվում Հայաստանի և Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը որոշ սահմանափակումներով վերաբացելու հնարավորությունը: Խոսքը մասնավոր այցելությունների մասին է, որը հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր ունեցողների համար»:
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. ««Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխել է եվրապարտատոմսերի հերթական տրանշը»․ այս լրատվությունը ընթացիկ տարվա հունվարին եղավ։ Սա որոշակի հարցեր է առաջացնում․ այս եվրապարտատոմսերի պարտքը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր տնտեսության վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք հարկային եկամուտների չափը՝ ինչպես ենք վճարելու, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ պատերազմից հետո մեր պետության համար լրացուցիչ ծախսեր են ի հայտ եկել»։
«Փաստ»-ը գրում է. «Դեռևս հայտնի չեն արտահերթ ընտրությունների ժամկետները, ավելին՝ դեռևս պարզ էլ չէ՝ կանցկացվե՞ն այդ ընտրությունները, թե՞ ոչ: Սակայն ակնհայտ է, որ քաղաքական կուսակցություններն ամեն դեպքում նախապատրաստվում են և հետևողականորեն ուժեղացնում իրենց տարածքային կառույցները: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին մարզերում ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված մասնավորաբար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեւանի քաղաքապետի եւ իշխանական վերնախավի հարաբերությունները գնալով լարվում են։ Փետրվարի 9-ին Երեւանի ավագանին գումարելու է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով փոփոխություն էր նախատեսված նախորդ որոշումներից մեկում՝ կառուցվածքային փոփոխությունների մասով: Սակայն հետաքրքիր է, որ այդ նախագծերն արդեն բացասական եզրակացություն են ստացել հենց ավագանու գլխադասային՝ ֆինանսական հարցերով հանձնաժողովում, որում մեծամասնությունը հենց իշխող իմքայլականներն են»։
«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր Արցախի խորհրդարանում թեժ քննարկում է սպասվում` օրակարգում է 2021 թ․ բյուջեի նախագիծը, որը, ընդդիմադիր պատգամավորների հավաստմամբ, որեւէ տողով չի հուշում, որ գործ ունենք հետպատերազմական, խնդիրներով լեցուն Արցախի ֆինանսական փաստաթղթի հետ։ «Որեւէ ծախս չի կրճատվել, որեւէ ոլորտում խնայողություն չի արվել, անգամ ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսվող բյուջեն է մնացել նույնը, ինչ նախորդ տարի»,- ասաց մեր աղբյուրը։ Իսկ նախագահականին հատկացվող բյուջեն 200 միլիոն դրամով աճել է՝ հասնելով մոտ 800-ի»։
Նյութերն ամբողջությամբ՝ թերթերի այսօրվա համարներում։