Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Հավելենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, ով 2020-ի նոյեմբերի 18-ին այդ պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։
Հիշեցնենք նաև, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ, նա հարցաքննվել է։
Ջալալ Հարությանյանը հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը: