«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվանալ, հարցազրույցներ տալ, ակտիվացնել նաեւ իրենց պաշտոնական կայքերը։ 24-ժամյա գրաֆիկով տեղեկատվություն տեղադրել անգամ ամենաանկարեւոր իրադարձությունների վերաբերյալ։ Պարզ ասած՝ լուն ուղտ սարքել, որպեսզի ցրվեն այն կարծիքները, թե պատերազմից հետո պետական ապարատը կաթվածահար է, չի աշխատում»:
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումները կանխատեսելու համար անհրաժեշտ է դիտարկել այն ռազմաքաղաքական դաշինքների անդամ պետությունների վարքը, որոնց դերակատարությունը վերջին տարիներին դոմինանտ է դարձել: Վերոնշյալ տարածաշրջաններում ակտիվ քաղաքականություն են վարում Թուրքիան եւ նրա դաշնակիցները: Մեր արեւմտյան սահմանակցի գործողություններն արդեն հասնում են Ղրղզստան եւ Չինաստան, իսկ իր դաշնակիցը՝ Պակիստանը, հակամարտության մեջ է Հնդկաստանի հետ եւ շատ ակտիվ է Աֆղանստանում»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչեւ փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան: Նախօրեին լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել, ինչի համար կլինի նոր հանդիպում՝ նույն կազմով»:
«Ժամանակ»-ը գրում է. «Դատախազությունն ու արդարադատության նախարարությունը առաջարկում են փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 296 հոդվածի 1-ին մասում և «ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը» արտահայտությունը փոխարինել «ապօրինի ձեռք բերված արմատախիլ արված կամ հատված, կամ մասնատված ծառերը, թփերը տեղափոխելը» արտահայտությամբ: Պարզվում է, որ գործող ձևակերպումը թույլ է տալիս որոշ ապօրինի անտառահատների խուսափել պատասխանատվությունից, քանի որ նրանք բռնվելուց հետո հայտարարում են, որ տեղափոխում են ոչ թե ծառ, այլ ընդամենը փայտ»:
«Հրապարակ»-ը գրել է․ «Միանգամայն հասկանալի է, որ այսքան աղետից ու կորուստներից հետո մեր հասարակության նյարդերն ու առողջությունն անհուսալիորեն քայքայված են, և մարդկանցից ադեկվատ պահվածք, խոհեմություն, օբյեկտիվություն պահանջելն անիմաստ է։ Բայց ես ամեն օր հետևում եմ մարդկանց խոսքին ու պահվածքին և սարսափով արձանագրում այն հետընթացը, որի դեմն առնելն արդեն անհնարին է թվում։ Այսքան ցածրորակ և փողոցային մակարդակի դիսկուրս, որ այսօր տիրում է հայաստանյան քաղաքական դաշտում, մեզանում երբևէ չի եղել»։
Նյութերն ամբողջությամբ՝ թերթերի այսօրվա համարներում։