ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը: Այդ շրջանակում դատախազության կողմից ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերվել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ապօրինի անտառահատումների, ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման, բացահայտման, վերահսկողության կառուցակարգերի ուժեղացման ուղղություններով: Այս մասին գրված է ՀՀ դատախազության պաշտոնական էջում։
Նպատակ հետապնդելով ավելի բարձրացնելու ապօրինի անտառահատումների դեպքերի կապակցությամբ իրականացվող քննությունների արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է 2018-2019թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:
Մասնավորապես, ծառահատման փաստի բացահայտման դեպքում անտառի տվյալ հատվածի համար պատասխանատու անձանց կողմից, որպես կանոն, ներկայացվում են փաստարկներ, որ իրենց վստահված անտառային տեղամասերը մեծ են և հնարավոր չէ ամբողջական հսկողություն իրականացնել: Մի շարք դեպքերում նշված հանգամանքների օբյեկտիվությունը հաշվի առնելով հանդերձ՝ տեղամասերի պահպանության համար պատասխանատու անձինք երբեմն այդ փաստարկն օգտագործում են իրենց հանցավոր անփութությունը կամ հնարավոր կատարած չարաշահումն արդարացնելու համար:
ԳԴ-ն հիշեցնում է, որ դեռևս 2019թ. ՀՀ դատախազության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա քրեական և բնապահպանության ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարվել են ապօրինի անտառահատումների համար պատժի խստացմանը և բնության վերականգնման տրամաբանությունից բխող վնասի հաշվարկման նոր մեթոդաբանության ներդրմանը միտված փոփոխություններ: