Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպաններին Արդարադատության նախարարությունում և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է՝ քննարկելու մարդու հիմնարար իրավունքների խախտումների դեպքում համաչափ արձագանքին վերաբերող հարցերը։ Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն այն ոլորտներն են, որոնց ուղղությամբ առաջիկա տարիներին համագործակցությունը զարգացնելու մեծ ցանկություն կա։
«Մենք աջակցում ենք Հայաստանի՝ թավշյա հեղափոխությունից հետո նախանշած բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, դատաիրավական բարեփոխումներին, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը»,- նշել է դեսպանը, հավելելով, որ այստեղ են՝ վերահաստատելու համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։