ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկու ամսով հետաձգեց երկու օրինագծերի քննարկումները՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»:
Արտակ Մանուկյանը նշեց, որ առաջարկվում է սահմանել, որ հինգ տարին մեկ ավանդների երաշխավորված չափերի վերանայումը կատարվի ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ:
Գործող կարգավորման համաձայն՝ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան:
Նախագծի հեղինակի դիտարկմամբ՝ նպատակահարմար է, որ այդ չափերն իրականացնի այն մասնագիտացված մարմինը, որը տիրապետում է այդ հաշվարկների համար հիմք հանդիսացող տեղեկատվությանը:
Հանձնաժողովը որոշեց երկու ամսով հետաձգել նախագծի քննարկումը՝ լրամշակելու նպատակով: