«Ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մարտին Հայաստան է ժամանելու ռուսական մի պատվիրակություն, որը գլխավորելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ըստ մեր աղբյուրի՝ այցի նպատակը Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ կապված քննարկումներն են, որի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենալու տարբեր կուսակցական շրջանակների հետ»:
«Հրապարակ»-ը գրում է. Ամիրշադյանի համար բավականին տհաճ քննարկումից հետո հասունացել է ազատման դիմում գրելու որոշումը, թեեւ նա հերքում է դա։ Անի Ամիրշադյանը խոսնակի միջոցով մեզ փոխանցեց, որ «դիմում չի գրել, իսկ եթե նման բան լինի, ապա դրա մասին կտեղեկացնի»։ Սոցապծառայության պետի թեկնածու առայժմ չկա, որովհետեւ դժվար է գտնել մարդու, որը միաժամանակ հասկանում է ե՛ւ կենսաթոշակներից, ե՛ւ հաշմանդամությունից, ե՛ւ զբաղվածությունից, ե՛ւ աղքատության հաղթահարումից, այսինքն՝ ունիվերսալ է»։
«Ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատրաստվում է մասնակցել ՀՅԴ-ի հետ համատեղ: Ըստ մեր աղբյուրի՝ ՀՅԴ-ի հետ դաշինք կարող է կազմել նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը: ԲՀԿ-ն հրաժարվել է մաս կազմել դաշինքին, քանի որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր է միայնակ մասնակցել ընտրություններին»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ մեր հանրապետությունում եթե 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 36 հազար 574, 2019 թվականին՝ 36 հազար 41, ապա 2020-ի նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 36 հազար 448: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 606-ից հասնելով 450-ի: Իսկ, ահա, մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով: Մյուս բացասական նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ»:
«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ Արցախից լուրեր ենք ստանում, որ Հադրութում ադրբեջանցիներն անխնա վայրագություններ են անում, քանդում, այրում են տներ, զանգվածային թալան է։ Արցախում դա բացատրում են նրանով, որ Ադրբեջանը շուտով կորցնելու է Հադրութը, այն անցնելու է ռուսների վերահսկողության տակ, ու դրա համար են թալանում, ուզում են ավերակ դարձրած հանձնել։ Երեկ Վիտալի Բալասանյանի կուսակից, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը մեզ ասաց, թե ինքն էլ է Հադրութում տներ այրելու, քանդելու մասին խոսակցություններ «ժամանակ առ ժամանակ» լսել, բայց թե դա ինչ նպատակով է արվում, չի կարող ասել»։