ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում ճեպազրույց է տվել և պարզաբանել, թե ինչո՞ւ արտահերթ ընտրություն անցկացնելու օրակարգը մերժվեց։
Ըստ նրա՝ իշխանության կողմից արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը դրական արձագանք չի ստացել։
Մակունցի խոսքով՝ ընդդիմության ներկայացրած իշխանափոխության պահանջը հնարավոր է իրականացնել միայն ընտրությունների միջոցով, և դրանով էր պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ եթե ընդդիմությունը մտափոխվի և որոշի արտահերթ ընտրությունների մասնակցել, իրենք պատրաստ են այդ հարցը կրկին քննարկել։
«Հիմա մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրականացման աշխատանքները և ամփոփելիս կրկին կանդրադառնանք արտահերթ ընտրությունների հարցին։ Իսկ ընտրություններ չանցկացնելու հետ կապված բոլոր դժգոհությունները պետք է հայտնել ընդդիմությանը»,- ընդգծեց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե իշխանությունն ինչից է եզրակացրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա։
«Հանրային պահանջի ձևավորման առաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից այն ներկայացվելն է: Քանի որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մի մասն այդ պահանջը չի ձևավորել, նշանակում է՝ արտահերթ ընտրությունների պահանջ չկա։ Ընդդիմությունը կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակցում է մի քանի հազար քաղաքացի, և իրենք գտնում են, որ դա բավարար պայման չէ արտահերթ ընտրություն անցկացնելու համար»,- նշեց Լիլիթ Մակունցը։
Բացի դա, իշխող ուժի ներկայացուցիչը շեշտում է, որ իրենց շփումները քաղաքացիների հետ նույնպես նման պահանջի վերաբերյալ ազդակ չեն հաղորդել:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու և ընտրություններին մասնակցելու հանգամանքով է պայմանավորված եղել նման որոշում կայացնելը, քանի որ տեսակետներ կան, որ իշխանությունը «վախեցել» է։ Մակունցն արձագանքեց՝ «Մեր որոշումները որևէ կերպ վախենալու կոնտեքստում չեն եղել, որովհետև մեր կողմից է հնչել այդ առաջարկությունը»։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում ևս արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա։