Խորհրդարանական արտահերթ ընտրություն անցկացնելու առաջարկից հրաժարվելու իշխանության հայտարարությունը լուրջ մի ընդունեք։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա չբացառեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կարող է ասել, թե դեմ չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։
«Ոչ մի հայտարարություն լուրջ մի ընդունեք։ Մինչև այսօր ի՞նչն եք լուրջ ընդունել։ Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ վաղը կասեն, թե արտահերթ ընտրություններ լինելու են: Սա մանիպուլյացիա է, արտահերթ ընտրություններ անցկացվելու են։ Քաղաքական ճգնաժամը չհաղթահարելով՝ իշխանությունը գործընթացները տանելու է արտահերթ ընտրության»,- համոզված է խորհրդարանական ուժի ղեկավարը։
Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ իշխանությունը փորձում է գնդակը նետել ընդդիմության դաշտ, մինչդեռ այն գործող վարչակազմի մոտ է։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ կա, որն ուժի մեջ է, իսկ մնացած օրակարգերը կեղծ են։
«Իշխանությունն ի սկզբանե արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակ չի ունեցել։ Հարց է դրել շրջանառություն մեջ, հիմա էլ հանում է։ Քաղաքական դաշտը կմնա տուրբուլենտ, մարդիկ անընդհատ կպատրաստվեն ընտրության, իսկ ընտրությունները կարող են լինել 2023 թվականին։ Դե, դուք ամեն օր պատրաստվեք։ Ամեն օր դրանից խոսացեք։ Բանակի վերազինումը թողած արտահերթ ընտրությունից խոսեք»,- նկատեց պատգամավորը։
Նշենք՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկն ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում ևս արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա։