ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
ԱԺ նիստում նրա կենսագրությունը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը:
Նրա խոսքով՝ դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքներով ԱԺ-ին է առաջարկվում Վճռաբեկ դատարանի նախագահի այն թեկնածուն, որը ստացել է ԲԴԽ անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայները։
Առավելագույն ձայներ ստացած թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է:
Առիթից օգտվելով՝ Ստեփան Միքայելյանն առաջարկ ներկայացրեց ԱԺ-ին։ Նրա կարծիքով՝ ԲԴԽ-ի լիազորությունները պետք է ավելացնել։
«Պետք է ԲԴԽ-ին հնարավորություն տրվի ընդունելու ենթաօրենսդրական ակտեր։ Այս տարբերակով մեր աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա։ Մեր մարմինը պետք է նաև օրենդրական նախաձեռնության իրավունքից օգտվի»,- ներկայացրեց նա։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վռճաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: