ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում մի շարք նորամուծություններ են ներդրվելու։ ԱԺ-ում ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը՝ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նախարարի՝ այդ նորամուծություններն են վերդիկտի և դատավճռի փուլերը։
Վերդիկտի փուլում դատարանն անդրադառնում է անձի մեղավորության հարցին, իսկ դատավճռի փուլում՝ ռեաբիլիտացիայի, պատժի կամ գույքային հայցի հարցերին։
«Տարանջատել ենք, որպեսզի դատարանը նախ մեղավորության խնդիրը քննարկի, հետո անդրադառնա պատժատեսակին և այլ հարցերին, ինչը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը»,- նշեց նա։
Հաջորդ նորամուծությունը համագործակցության վարույթի ներմուծումն է, որի էությունն այն է, որ դատախազության հետ համագործակցող անձը հնարավորություն է ստանում բացահայտել նոր հանցանք և դրա շնորհիվ վարույթի շրջանակում ստանալ կա՛մ ավելի մեղմ պատժատեսակ, կա՛մ պատժից պայմանականորեն ազատվել, կամ առհասարակ պատժից ազատվել։
Արդարադատության նախարարը համոզված է, որ նախատեսվող փոփոխությունները նպաստելու են քրեական գործերով քննության արդյունավետության բարձրացմանը։
«Քրեական դատավարության օրենսգրքում» նախատեսվող փոփոխություններով՝ վարույթի ամրագրումը կլինի էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դա հնարավորություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:
Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը, հետայսու վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան:
Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի նաև քրեական գործի հարցման ձևական փուլը: