ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն զբաղված է Հայրապետյանների գույքի օրինականության ծագումնաբանությունը պարզելով: Այս մասին հայտնել է Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նա նկատում է, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ուղղորդված քրեաքաղաքական հանձնարարականների շքերթը շարունակվում է։
Մակինյանը հիշյալ վարույթով զբաղվող դատախազ Ա. Սարգսյանին միջնորդել է.
1. Խորությամբ` սկսած 1980 ականների կեսերից ուսումնասիրել Հայրապետյանների ընտանիքի կողմից տասնամյակներ շարունակ իրականացված ձեռնարկատիրական գործունեությունը,
2. Պարզել և նաև պարտադիր հրապարակային ներկայացնել, թե մինչ օրս Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից որքան հարկ է վճարվել պետական բյուջե,
3. Որքան շահաբաժին են ստացել Հայրապետյաններն օրինական ձեռնարկատիրական գործունեությունից,
4. Ընդհանուր առմամբ քանի անձ է աշխատել Հայրապետյանների ընկերություններում,
5. Որքան աշխատավարձ են ստացել այդ անձինք,
6. Որքան գումար է տրամադրվել բարեգործական նպատակներով և այլն…»,- գրել է Մակինյանը՝ հավելելով, որ այս հարցերից որևէ մեկի պարզելն ու հրապարակայնացնելը ձեռնտու չէ քաղաքական իշխանությանը և դա է պատճառներից մեկը, որ դատախազությունն ի թիվս այլնի` ձեռնամուխ է եղել ոչ թե իր նշած հարցերի պարզմանը, այլ Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի չափը պարզելուն և դրանից ելնելով` կեղծ օրակարգ ստեղծելուն։