Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց նախագիծ, որը նպատակ ունի ապահովել ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության ֆինանսավորման ամընդհատությունը։
Առկա իրողություններով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի մի շարք բնակիչներ կորցրել են բնակելի անշարժ գույքը։
Նախագծով կարգավորվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումը։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է՝
1) միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ,
2) ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ, 6 ամսվա համար։
Միջոցառման իրականացումը պահանջում է շուրջ 36,0 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
«Սահմանամերձ 39 համայնքների ավելացման պարագայում այդպիսի համայնքների թիվը կդառնա 77։ Տվյալ համայնքների բնակիչները կազատվեն անշարժ գույքի հարկերից, 50 տոկոսով կկրճատվի գազի ու էլեկտրաէներգիայի վճարը, իսկ դպրոցականներն անվճար դասագրքեր կստանան»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ պատերազմի հետևանքով սահմանամերձ բնակավայրերի թիվն ավելացել է։ Նոր 39 համայնքների բնակիչները կօգտվեն աջակցություններից։ Այս մասին երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։