Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԲՀԿ-ական պատգամավորների առաջարկած օրենքի նախագծով՝ պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը կիրականացնի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Ըստ այդ օրինագծի՝ պետական սահմանին ՀՀ շահերին սպառնալիք ծագելու դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշները:
Նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբը ընդունեց նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններ կատարելու օրինագիծը։
Նախագծի նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը: Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:
Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը, հետայսու վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի նաև քրեական գործի հարցման ձևական փուլը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց նաև երկար և բուռն քննարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքի նախագծով՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը։ Բարձրագույն կրթությունը կարող է իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձեւերով: Ուսանողները կկարողանան կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածությամբ և ֆինանսական հնարավորություններով:
Իսկ մայր բուհը՝ ԵՊՀ-ն, կունենա հատուկ կարգավիճակ. առանձնահատկությունները կսահմանի Կառավարությունը:
Նշենք, որ օրինագծի քննարկման ժամանակ ԵՊՀ-ի կարգավիճակի վերաբերյալ դրույթը որոշ պատգամավորներ անթույլատրելի համարեցին՝ այն բուհի նկատմամբ խտրական մոտեցում որակելով։