ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով 2020 թվականի փետրվարի 10-ին Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից հնչեցված հայտարարությունների վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է. «Մասնավորապես, նախարարը հայտարարել է. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառելու շրջափակում։
Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»։
Անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատկերացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, երբ ընդամենն ամիսներ առաջ Թուրքիայի լիակատար և անթաքույց աջակցությամբ մեր հայրենիքի մի հատվածի նկատմամբ կիրառվել է ագրեսիա՝ զուգորդված պատերազմական հանցագործություններով։ Ընդ որում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին խոսում է այն պարագայում, երբ Հայաստանի սահմանների մոտակայքում իրականացվում են թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հավակնություններ արտահայտող հայտարարություններին։
Մեզ համար ՀՀ քաղաքական իշխանության հանցավոր անպատրաստությունը և Հայաստանի կենսական շահերը սպասարկելու անկարողությունը այլևս վաղուց նորություն չեն։ Ակնկալում ենք, սակայն, որ ՀՀ պետական համակարգի դեռևս ամբողջովին չքանդված ինստիտուտներից մեկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կցուցաբերի զգոնություն, չտրվելու համար Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը։ Հայաստանի, ներառյալ Արցախի, անվտանգության ամրապնդման առաջին նախապայմանը Հայաստանի ներսում իրավիճակի հիմնական փոփոխությունն է, ինչը միայն կարող է սկսվել երկիրը պարտության առաջնորդած և ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձնավորության հեռացումով։ Միայն այդ ժամանակ կարելի է մտածել, խոսել, ծրագրել և գործել այնպես, որպեսզի «մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»։