ԱԺ-ն քննարկում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով կխստացվեն պետական դավաճանության և լրտեսության համար պատժաչափերը:
Օրինագծի համահեղինակ ԲՀԿ-կան պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ներկայացմամբ՝ դավաճանության համար առաջարկվում է պատիժ սահմանել մինչև ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար՝ 15-20 տարի ազատազրկում:
«Հայաստանի Հանրապետության և ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, որն էլ բնականաբար պետք է ունենա ամենածանր պատիժը»,- նշեց պատգամավորը։
Ըստ գործող օրենքի` պետական դավաճանության համար սահմանված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում: Լրտեսության համար գործող օրենքով սահմանված է 8-15 տարի ազատազրկում:
Վահե Էնֆիաջյանը նշեց, որ հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ իրենք նկատել են՝ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում, թե տեղի են ունեցել դավաճանության դեպքեր:
Նրա խոսքով՝ պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը հաշվի առնելով` անհրաժեշտություն է առաջանում վերանայել գործող օրենքի կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ:
Նշենք, որ ԱԺ պետա- իրավական հարցերի հանձնաժողովի քննարկումների ժամանակ առաջարկվեց, որ պետական դավաճանության պարագայում նախատեսվի 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ՝ ցմահ ազատազրկում: Իսկ լրտեսության համար պատժաչափի շեմը 15-ից իջեցնել 12 տարի:
Նախագծի համահեղինակ Վահե Էնֆիաջյանի համար առաջարկներն ընդունելի էին:
Հիշեցնենք, որ լրամշակված նախագիծը քվեարկությամբ միաձայն ստացավ դրական եզրակացություն։