«Ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանի այսօր հանրահավաք հրավիրելու մասին հայտարարությունը չի համաձայնեցվել 16 կուսակցությունների հետ: Վազգեն Մանուկյանը սեպարատ հանրահավաք հրավիրելով՝ թերևս ուզում է ցույց տալ, որ ինքը ինքնուրույն էլ կարող է մարդ հավաքել հրապարակում: Եվ եթե դա նրան հաջողվի, նա մյուս կուսակցություններին կարող է ասել, որ ընդդիմության իրական առաջնորդը ինքն է, և իրեն առաջնորդ է ընտրել հրապարակում հավաքված ժողովուրդը և ոչ թե կուսակցությունները»:
«Ժամանակ»-ը գրում է. «Վերջին օրերին բավականին ակտիվացել են գերիների ու անհետ կորածների հարազատների բողոքի ակցիաները։ Նախօրեին նրանք Գյումրիում էին ճանապարհներ փակել, երեկ էլ կառավարության դիմաց էին բողոքի ակցիա իրականացնում։ Իհարկե, նրանց թվում կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ակցիաներ են իրականացնում իրենց որդիների վերադարձի կամ հայտնաբերման համար, սակայն նրանց շարքերում կան բազմաթիվ այլ քաղաքացիներ, որոնց որդիները կա՛մ վերադարձվել են, կա՛մ հայտնաբերվել, դիակները ճանաչվել ու հանձնվել են նրանց։ Այդ քաղաքացիները, սակայն, շարունակում են ակցիաներ իրականացնել, քանի որ նրանց ուղղորդում են»։
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. ««ՀՀ»-ի հետ հարցազրույցում տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշել է. «ՀՀ-ն ունի առաջարկելու շատ լուրջ բան. առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների գծով շատ մրցունակ երկիր ենք եւ հենց այսօր պարտավոր ենք համագործակցել ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում ՌԴ հետ, քանի որ արեւմուտքի պատժամիջոցներն առաջին փուլում, առաջին քայլով հենց կաթվածահար արեցին այդ երկիրը ծրագրային ապահովման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով»:
«Իրավունք»-ը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ էր հրապարակել և մեղադրել իշխանությանը, որ իր բոլոր հնարավորություններով լծվել է իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու գործին: Այո-այո, նույն Դարբինյանը, որը ողջունում էր Նիկոլ Փաշինյանի որոշումները, իսկ նրա կառավարության կազմին, բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեմքերից, մնացյալին համարում՝ ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, քաղաքացի տեսակ ու նրանց ցավը տանում, հիմա դարձել է խիստ ընդդիմադիր»:
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափն առավելագույնս խստացնել՝ սահմանելով ցմահ ազատազրկում»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 100, իսկ, ահա, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 959 հազար 700»: