Պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացրին Կոտայքի մարզից եկած մի խումբ քաղաքացիներ, որոնք մասնակցել են արցախյան ռազմական գործողություններին: Նրանք բողոքում են, հայտարարելով, թե չկան ո՛չ իրենց զինվորական գրքույկները, ո՛չ էլ որևէ տեղ նշված է, որ իրենք պատերազմի մասնակից են:
«Պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 13-ին գնացել ենք զինկոմիսարիատ, որտեղից հորդորեցին սպասել։ Մինչ օրս զինգրքույկ չունենք։ Դիմում ենք գրել նախարարությանը, դիմել ենք զինկոմիսարիատ, զանգել ենք Մարտունու զորամաս, ասում են՝ ձեր անունները չկան։ Ինչի՞ չկան մեր անուն-ազգանունները, որտե՞ղ են մեր զինգրքույկները»,- հարցրեց զիծառայողներից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենք փաստեր ունեն, որ մասնակցել են մարտական գործողություններին։
Նրանց ՊՆ-ից ուղղորդեցին Կենտրոնական զինկոմիսարիատ, որտեղ ևս երիտասարդներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին։ Երեք քաղաքացու Կենտրոնական զինկոմիսարիատից հրավիրեցին ներս՝ զրուցելու: Դուրս գալուն պես նրանք հայտնեցին, որ գոհ են հանդիպման արդյունքից: Վաղը երիտասարդները իրենց անձնագրով և ձեռքի տակ ունեցած փաստերով ներկայանալու են զինկոմիսարիատ, որպեսզի խնդրին ընթացք տրվի։
Մանրամասները՝ տեսանյութում․