«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Facebook-ի էջում գրել է․
«Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հաստատեց, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը, այսինքն՝ ինքը, պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ ապագային, ընդ որում՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը։ Ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց։
Lավ է, որ պարոն Սարգսյանը սա կրկին հաստատեց։
Բայց այստեղ երկու հարց է առաջ գալիս․
1. Ինչու՞ էին Սերժ Սարգսյանի թիմակիցները հեղափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին մեղադրում մի բանում, ինչը հենց իրենք էին պատրաստվում անել (տարածքների վերադարձ)։
2. Ի վերջո, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին այժմ մեղադրում է տարածքներ հանձնելո՞ւ, թե՞ չհանձնելու մեջ։
Ամբողջ բանակցային գործընթացի և պատերազմի սկսման հանգամանքների վերլուծության շուրջ բանավեճի համար կարևոր է հատկապես երկրորդ հարցի պատասխանը, որովհետև, համաձայնեք, անհնար է միաժամանակ ներկայացնել երկու իրարամերժ մեղադրանք և, առավել ևս, միաժամանակ հակադարձել դրանց։ Այլ կերպ ասած՝ չի կարող իրապես բովանդակային բանավեճ սկիզբ առնել, պատկերավոր ասած, «հողատու, ինչու՞ չհանձնեցիր հողերը» ինքնահակասող մեղադրանքից»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև, այսպես կոչված, Լավրովյան փաստաթղթին:
Իսկ դիտարկմանը՝ առաջին նախագահը ճի՞շտ էր իր եզրակացության մեջ, ու հարցին՝ պատրա՞ստ էիք իշխանության մնալու դեպքում ստորագրել այդ աշխատանքային տարբերակը, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրել, այլ ես բացառապես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը։ Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ, բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։ Ես վստահ չէի, որ հասարակության մեծ մասը դրան կարող էր սատարել, իհարկե, եթե հիմա հնարավորություն ունենայինք պատմության անիվը հետ պտտելու և վերադառնալու 2018թ., կարծում եմ՝ մեր բնակչության 99 տոկոսը դրան կողմ կլիներ»: