Փետրվարի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ:
Փոխվարչապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ նախորդ տարիներին ՄԱԶԾ-ի հետ ՀՀ կառավարությունը արդյունավետորեն համագործակցել է բազմաթիվ ծրագրերով:
Դմիտրի Մարիյասինը նշել է, որ ցավով է հրաժեշտ տալիս Հայաստանին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստանի հետ իր կապը պահպանվելու է, իսկ համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում հնարավոր է լինելու շարունակել:
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքն ու հեռանկարները: