Ես վստահ եմ՝ Ալիևը միշտ երազել է հաղթել մեզ, բայց նրա երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ: «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի երկրորդ մասում այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը:
Դիտարկմանը՝ Ալիևը Արցախյան երկրորդ պատերազմից հետո նշել էր, որ ինքը հաղթել է ոչ թե գործող վարչապետի բանակին և ոչ թե նրան, այլ Ձեզ և Ռոբերտ Քոչարյանին, Ձեր ու Ռ. Քոչարյանի բանակին, և հարցին՝ Ձեր ստեղծած բանա՞կն է պարտվել այս պատերազմում, Սերժ Սարգսյանը նշեց.
«Մենք 1990-ականներին հաղթել ենք Ալիևի հորը, 2016թ.-ին Ալիևը, փաստորեն, պարտվել է ինձ: Ալիևը ինձ պարտվել է ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-2018թթ.-ին: Վստահ եմ՝ նրա մեջ ինձ ինչ-որ բանում հաղթելու անհագուրդ պահանջ էր ձևավորվել: Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ: Նա գիտի, թե ում է հաղթել և գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել: Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը չի հաղթել հայ ժողովրդին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին: Ո՛չ հայկական բանակը, և ո՛չ էլ հայ ժողովուրը կապիտուլյացիայի չեն ենթարկվել, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով հանդերձ, նաև թիմից գաղտնի:
Ալիևը ինչ-որ առուոմով ճիշտ է: Այո, հայկական բանակի ստեղծման գործում և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ ես, և՛ բազմաթիվ այլ մարդիկ, բազմաթիվ գեներալներ, սպաներ մեծ դերակատարություն ենք ունեցել: Կապիտուլյանտն ի՞նչ դերակատարություն է ունեցել: Մի օր էլ հայկական բանակում չի ծառայել: Այդ առումով, միգուցե, Ալիևը ճիշտ է: Բայց եթե Ալիևի տեսանկյունից նայենք, էս կապիտուլյանտին հաղթել են Մութալիբովն ու Էլչիբեյը: Այսինքն՝ անտրամաբանական է Ալիևի ասածը»: