Ո՞վ է նման թեզեր առաջ քաշում, ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞վ է, որ տեղյակ է եղել, գնացել է, տեսել է՝ մենք ունենք, չունենք, ովքե՞ր են, ովքեր փախե՞լ են, ովքեր պարտվե՞լ են, ովքեր իրենց ստորաբաժանումները վարի են տվել, ինչպես ասում է ժողովուրդը: «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսպես է արձագանքել ՀՀ երրորդ նախագահն այն դիտարկմանը, թե իրեն մեղադրվում են, որ Լավրովյան կամ Կազանյան պլանն իրագործելու նպատակով միտումնավոր թույլ չի տվել Արցախում խոր էշելոնացված պաշտպանություն իրականացնել, ու այդ պատճառով հնարավոր է եղել այդքան հեշտ ճեղքել հարավային ուղղությամբ առաջնագիծն ու խորանալ թիկունք:
«Այդ ասողներից մեկը կա՞ր, որ տեսել է: Չեմ ասում խրամատ չի տեսել, բայց ամբողջ պատկերն ո՞վ է տեսել, կապիտուլյա՞նտն է տեսել, ինքը մի բան հասկանո՞ւմ է դրանից: Դա իրականությանը չի համապատասխանում: Մենք ունեցել ենք բանակային պաշտպանության երկրորդ և երրորդ գծեր, և մեր պաշտպանական պլանում շատ հստակ գրված է, թե որ ստորաբաժանումները որ պարագայում որ դիրքերը պետք է զբաղեցնեն»:
Ճշտող հարցին՝ զբաղեցրե՞լ են՝ Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ցավոք՝ ոչ, որովհետև պատերազմի կառավարմանը ոչ կոմպետենտ մարդկանց կողմից անհարկի ու անտեղի միջամտություններ են եղել: Ավտոմատը գնդացրից չտարբերող մարդիկ հայտվում էին այդ կետում, ախր սա հանցագործություն է»:
Դիտարկմանը՝ վարչապետի կնոջը նկատի՞ ունեք՝ նա ասաց. «Ես կանանց հետ գործ չունեմ, ուրիշներին էլ նկատի ունեմ: Իրեն գերագույն հրամանատար հռչակա՞ծն էլ այնքան կոմպետենտ է, որ կարո՞ղ էր ինքն անել»:
Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ անթույլատրելի սխալները սկսվել են սեպտեմբերի վերջից՝ պատերազմի առաջին օրվանից, ու շարունակվել շատ երկար ժամանակ:
«Հենց դրա դրա համար էլ մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, որ դավադրություն է եղել»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:
Դիտարկմանը, թե գործող վարչապետն էլ իրեն է մեղադրում դավադրության մեջ, իսկ պատերազմի ժամանակ էլ տարածվել էին լուրեր, թե հողերն արդեն ծախված են՝ Ս. Սարսգսյանն արձագանքեց. «Խնդրում եմ, ամեն անգամ այդ սուտասանի խոսքերը մեջտեղ չբերեք, որովհետև իր սուտը հերքել է իր ժամանակ ԱԱԾ տնօրեն աշխատած գնդապետ Համբարձումյանը: Այսինքն, մենք ինչո՞ւ պետք է դավադիր պատերազմ հայտարարեինք: Երբ մարդն անհիմն հայտարարությունն է անում, երևի ղեկավարվում է այն սկզբունքով, թե ինքն ինչ կաներ նման պարագաներում: Այո, իրենք դավադիր էին 2016 թվականին, երբ հերհյուրանքներ էին տարածում, թե զորքը խոտ է ուտում, բահով է կռվում»: