Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Երկուստեք կարևոր է դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական և տևական կարգավորման հարցում: Ի թիվս մի շարք առաջնային, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, նախագահ Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը: Նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առաջացած մի շարք խնդիրների:
Հանդիպմանը խոսվել է այլ հարցերի շուրջ ևս: