ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Վ. Դումանյանը նշել է, որ անցած տարին Հայաստանի համար շատ բարդ է եղել: Նախ՝ կորոնավիրուսը, հետո նաև պատերազմը մարդկային անդառնալի կորուստների պատճառ են դարձել:
«Մեզ համար մեծապես կարևոր է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, որոնք, հայկական լինելուց զատ, նաև համամարդկային մեծ արժեք են ներկայացնում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմն ապավինում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ վրաց գործընկերների հնարավոր աջակցությանը:
Համոզմունք հայտնելով, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում կհաղթահարի պատերազմի հետևանքները, դեսպանը մեջբերել է վրացի հայտնի բանաստեղծ, հրապարակախոս Իլյա Ճավճավաձեի այն միտքը, թե միայն ուժեղ Հայաստանով է ամուր Վրաստանի հարավը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ երկկողմ, ինչպես նաև միջազգային ծրագրերի շրջանակում բազմակողմ համագործակցությունը: