Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանը, այլք։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանն առաջին փուլով հատկացված 9 միլիոն եվրո դրամաշնորհի համար, որը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության։
Կողմերը նաև քննարկել են առաջիկա յոթ տարիների ընթացքում ոլորտի համագործակցության առաջնահերթությունների, ինչպես նաև արդարադատության ոլորտի երկխոսության հաջորդ նիստի նախապատրաստմանն առնչվող հարցեր։