ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ի պաշտոնական կայքը։
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Իրանին դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ վստահելի գործընկեր: Անդրադարձ կատարելով արցախյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է կյանքի կոչել ամրագրված պայմանավորվածությունները, որպես առաջնահերթություն օր առաջ իրականացնել ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Խորհրդարանի խոսնակը նաեւ հավելեց, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ արցախահայերի ինքնորոշման իրավունքը:
Դեսպան Զոհուրին հայտնեց, որ իրանական կողմը ողջունում է Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը եւ վերահաստատեց ԱԳ նախարար Զարիֆի նախկինում հնչեցրած տեսակետն առ այն, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պիտի շուտափույթ լուծում ստանա: