Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց քաղաքագետ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
Նրա պաշտպան Գոռ Միքայելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։
«Իմ դեմ հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն»,- դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը։
«Երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ինչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն, շատ պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է»,- նկատեց նա։
Նշենք, որ Կարեն Բեքարյանի մեղադրանքի հիմքում ընկած է VPN կարգավորումներից օգտվելու հանգամանքը։ Անդրադառնալով այս հարցին՝ Բեքարյանն ասաց․ «Տարիներ շարունակ Ադրբեջանը հայաստանյան ԱՅ-ՓԻ-ների նկատմամբ կիրառել է սահմանափակումներ։ Իսկ ես տասնյակ տարիներ զբաղվել եմ արտաքին քաղաքականությամբ, և չես կարող պարզապես այդ ինֆորմացիան չունենալ ու այն քո վերլուծությունների մեջ չներառել։ Երբ տեղեկացել եմ, որ կա համակարգ, որը հնարավորություն է տալիս այդ արգելքը շրջանցելու, ես օգտվել եմ։ Ադրբեջանական կողմը չի տեսնում իր մոտ, որ մուտք գործողը հայաստանյան Այ- Փի է, որի համար էլ, բնականաբար, ես այդ VPN կարգավորումներից օգտվել եմ։ Ես այդտեղ որևէ արհեստական բան չեմ տեսնում։ Կարծում եմ՝ նախաքննության ցանկացած մարմին մինչև այդ հարցին ձեռնամուխ լինելը, պետք է առաջնահերթ պատկերացում կազմի ծրագրային համակարգերից»։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր «Gagik Soghomonyan»-ին բացահայտելու համար ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին։
Նրանք կասկածվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։
Հիշեցնենք նաև, որ Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են, իսկ Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։