Ընդդիմությունը հրաժարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի պարզ պատճառով. շատ լավ հասկանում է՝ արտահերթ ընտրությունների դեպքում իշխող ուժը կհաղթի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանի ամբողջ տարածքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է։ Դա են վկայում ինչպես հարցումների արդյունքները, այնպես էլ մարդկանց հետ շփումը։ Ընդդիմությունը տեղյակ է սրա մասին: Սա է արտահերթ ընտրություններից հրաժարվելու հիմնական պատճառը։ Ընդդիմությունը գիտի, որ դրանց անցկացման դեպքում իշխող ուժն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մի քանի անգամ ավելի շատ ձայն կստանա»,-նկատեց ԱԺ փոխխոսնակը։
Ըստ Սիմոնյանի՝ ՀՀ իշխանությունը պետք է գործի օրենքների շրջանակներում։
«Եվ, եթե ընդդիմությունը ենթադրում է, որ, օրինակ, այսօր ընդդիմության երթն առաջնորդող դերակատարներից մեկը, որը գիշերը ներխուժել է ձեր գործընկեր «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ և ջարդուխուրդ է արել, այն մարդիկ, որոնք այսօր միտինգներ են անում և խոսում են շենքեր գրավելու մասին, այն մարդիկ, որոնք մտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, բոլորն օրենքի շրջանակում ստանալու են համարժեք պատասխան»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե հեղափոխության ժամանակ հեղափոխական թիմն էլ մտել էր Ռադիոտուն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, որևիցե բռնության կոչ չի եղել, իսկ Ռադիոտուն մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Հիշեցնեմ, որ Ռադիոտուն ներխուժելուց ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, սակայն, վերջին պահին չի կիրառել, որովհետև տեսել է, որ մարդիկ տրամադրված չեն որևէ բռնության։ Ռադիոտունը համեմատել Կառավարական առանձնատան, շենքեր գրավելու հետ, ոչ տեղին եմ համարում»։