«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմությունը ևս մեկ հնարավորություն է տալիս ոստիկանությանը:
«Ոստիկանապետի անունից մեզ փոխանցեցին, որ ինքը մեզ հետ հանդիպելու է, բայց ոչ այսօր», – տեղեկացրեց Սաղաթելյանը:
Նրա խոսքերով ՝ այսօրվա ակցիան լավ առիթ էր, որպեսզի ոստիկանապետը դուրս գար ցուցարարների մոտ:
«Հիմա մենք 2 ճանապարհ ունենք, մենք կարող ենք ժողովրդի ողջ ընդվզումն ուղղել ձեր և ձեր պետի դեմ, բայց մենք չենք գնում այդ ճանապարհով, մենք ձեզ հնարավորություն ենք տալիս։ Գիտեք, որ եթե դուք շարունակեք խախտել «կարմիր գծերը», հաջորդ անգամ մենք ձեզ այլ կերպ ենք այցելելու», – հայտարարել է նա։
Երթի մասնակիցները շարժվել են դեպի ԱԱԾ։
Ընդդիմությունը ԱԱԾ աշխատակիցներին կոչ է արել վարչապետի ձեռքում գործիք չդառնալ։
«Եթե դուք մտածում եք ազգային անվտանգության մասին, ապա պետք է չեզոքացնեք մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը՝ Նիկոլ Փաշինյանին։ Սա մեր հայրենիքի փրկության ճանապարհն է», – ԱԱԾ շենքի մոտ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ այսօր ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։
Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:
Ժամը 11:30-ի սահմաններում վարչապետ Փաշինյանը կառավարության շենքից քայլել է դեպի «Խաչքարերի պուրակ», ապա անարգել մուտք գործել կառավարական 3-րդ շենք: Շրջակա միջավայրի նախարարությունում վարչապետի մասնակցությամբ հանդիպում է կայացել:
Այդ ընթացքում մի քանի ցուցարարներ հեռվից տարբեր վանկարկումներ են արել, ապա ոստիկանները սկսել են ցուցարարներին բերման ենթարկել: