«Ժողովուրդ»-ը գրում է․ «Մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Օրինակ՝ միայն Լոռու մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 700-ով: Արագածոտնի մարզում 200-ով է նվազել բնակչության թիվը, Արարատում՝ 100-ով, Գեղարքունիքում՝ 300-ով, Շիրակում՝ 400-ով: Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 1300 բնակչի նվազումը մտահոգիչ է, որքան էլ որ նկատի ունենանք, որ արտագնա աշխատողներ են եղել նրանց մեջ»։
«Հրապարակ»-ը գրում է. «Այս իշխանության մեջ բոլորը չէ, որ նախկինների ու ներկաների բաժանման կողմնակից են։ Ոմանք դեմ են նախկիններին սեւացնելու քաղաքականությանը եւ անգամ չեն ժխտում իրենցից առաջ աշխատած անձանց վաստակը։
Մեզ պատմեցին, որ երբ անցած տարեվերջին ՊԵԿ գործունեության տարեկան ամփոփ տեսաշարն են պատրաստել, ֆիլմի միայն 1 կադրում է եղել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Ֆիլմը նայելով՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանձնարարել է խմբագրել՝ ավելացնել Անանյանի հատվածը։ Ասել է, որ մինչեւ 2020թ․ հունիսը՝ գրեթե կես տարի, պարոն Անանյանն է եղել նախագահը, պետք է համամասնությունը պահպանել»:
«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ժամանակահատվածում բարիդրացիական հարաբերություններ է փորձում կառուցել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս տարբեր հարցերի վերաբերյալ Մարությանը խորհրդակցում է նրանց հետ՝ չնայած այն բանին, որ մինչեւ այս երբեւէ նման բան չէր արել: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը իշխանությունների հետ հակադրվել է, կտրել բոլոր իր կապերը նրանց հետ ու փորձում է մաքուր դուրս գալ այդ պաշտոնից»։
«Հրապարակ»-ը գրում է. «ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ղեկավարած կառույցում, կարելի է ասել, միայնակ է մնացել։ Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո հին ԵԿՄ- ականները երես են թեքել իշխանություններից եւ համարում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։ «Միքայելյանի եւ իշխանության հենարանը մնացել են Սափեյանները եւ Արամ Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը»,- ասաց մեր աղբյուրը։
Սասուն Միքայելյանը փորձում է հավաքներ կազմակերպել, խրոխտ ելույթներ ունենալ, թեեւ նրա կողքին, լավագույն դեպքում, 40-50 մարդ է մնացել։ Իսկ երեկ էլ Միքայելյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ում նոր՝ երիտասարդ մարդկանց են հավաքագրում»:
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Թուրքական ծագման ապրանքների ներմուծումը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից 6 ամիս ժամկետով արգելվեց: Որոշումը եղավ հոկտեմբերին, եւ տնտեսվարողներին 2 ամիս ժամանակ տրվեց՝ փոփոխություններին հարմարվելու, նոր շուկաներ գտնելու, վերադասավորվելու համար: Մենք այդ ժամանակ ողջունեցինք գործադիրի մոտեցումը, որովհետեւ դա անհրաժեշտ որոշում էր, եւ մեր տնտեսությունը պարտավոր էր արձագանքելու թուրքական ապակառուցողական քաղաքականությանը: Թուրքական քաղաքականությունն այսօր էլ մեր հանդեպ չի փոխվել, ավելին՝ հայատյացությունն օր օրի ավելի բացահայտ է տարվում այդ պետության կողմից, իսկ մենք… դեռ թուրքական ապրանք ենք ներկրում՝ չնայած արգելքին: Ինչո՞ւ, ի՞նչ փոխվեց, չէ՞ որ էկոնոմիկայի նախարարությունը մեկ անգամ չէ, որ ասել է, թե «կառավարությունը եւ Էկոնոմիկայի նախարարությունը ամբողջ գործիքակազմով կսատարեն տնտեսվարողներին վերադասավորվել եւ գտնել նոր շուկաներ»: