Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Իսկանդեր» բալիստիկ հրթիռները չեն աշխատել, վկայում է առնվազն նրա ոչ կոմպետենտ լինելու մասին։ Մարդիկ, որոնք ավելի կոմպետենտ են պատերազմի ու խաղաղության հարցերում, գիտեն, որ սա լավագույն ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ է, 21-րդ դարի զենք է։ «Իսկանդերն» ապացուցել է իր բարձր որակները Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի ու Սիրիայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը:
Այսպես է նա մեկնաբանել Հայաստանի վարչապետի խոսքերն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում աշնանային մարտերի ընթացքում Իսկանդերի կիրառման ժամանակ հրթիռները չեն պայթել կամ պայթել են տասը տոկոսով: ՀՀ ՊՆ-ում այդ հայտարարությունը չեն մեկնաբանել։
«Վատ պարողին ոտքերն են խանգարում։ Այս խղճուկ ժողովրդական ասացվածքը լավագույնս բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում Իսկանդերների օգտագործման մասին»,-ասել է Սաբլինը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ Իսկանդերների կիրառման մասին ավելի վաղ հայտարարել էր Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, սակայն նա չի կարողացել ասել, թե որ ուղղությամբ է կիրառվել հրթիռային համալիրը։
Նշենք, որ երեկ 1-in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մերժվածը (Սերժ Սարգսյանը) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,-ասել էր վարչապետը: