Նախօրեին Հայաստանի վարչապետը կասկածի տակ էր դրել ռուսական հրթիռային համալիրների աշխատանքը։
Նա ասել էր, որ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն տասը տոկոսով»։ Այսպես Նիկոլ Փաշինյանն արձագանքել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական բանակը կարող էր Իսկանդեր կիրառել Ղարաբաղում պատերազմի չորրորդ օրը։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է Նիկոլ Փաշինյանի հայտնած կարծիքը: Նա նշել է, որ այդպիսով Փաշինյանը որոշել է ընդգծել, որ ինքը մեղավոր չէ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության համար։
«Երբ մարդը մեղավորներ է փնտրում, որ ինքն անմեղ երևա, նա և՚ Իսկանդերների վրա մեղքը կբարդի, և՚ հայ ժողովուրդի, և՚ զինվորականների։ Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Իսկանդերը համարվում է շատ բարձր ճշգրտության զենք։ Դա բացարձակ սուտ է: Իզուր չէ, որ Արևմուտքը հաճախ է խոսում այն մասին, որ մենք բանակցային գործընթացում ներառենք հենց այդ փոքր հեռահարության հրթիռները։ Սիրիայում դրանք կիրառվել են շատ ճշգրիտ և բազմիցս։ Ես, մեղմ ասած, չեմ համաձայնի ընկեր Փաշինյանի այդ կարծիքին»,-ասել է Զավարզինը։