Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանն առավոտյան հայտնել է, որ գիշերը Բաղրամյան պողոտայում հանգիստ է անցել, սադրանքներ չեն եղել:
«Ոչ մի սադրանք տեղի չի ունեցել, գիշերը ես բավականին ուշ գնացել եմ, կես ժամ առաջ եմ վերադարձել: Ամեն ինչ նորմալ է»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է շարժման հետագա ծրագրերին, ապա Մանուկյանն ասել է, որ ծրագրերի մասին երեկ հայտարարվել է, սակայն դրանք կարող են փոփոխվել:
«Ժամը 11-ին այստեղ՝ ԱԺ-ում, խորհրդի նիստ է լինելու, որին պետք է նաև քննարկվի՝ արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջը բավարարել, թե ոչ: Ավելի ճիշտ՝ ոչ թե բավարարել, այլ ինչպես անցկացնել, քանի որ 35 ստորագրություն արդեն հավաքված է»,- ասել է Մանուկյանը և հայտնել, որ 13:00-ին տեղում հավաքվելու և ժողովրդի հետ խոսելու պլան կա, որից հետո հավանաբար երթ կանեն, ապա կվերադառնան Բաղրամյան ու կսպասեն ԱԺ նիստին, որտեղ հիմնական հարցը Ռազմական դրությունը հանելն է լինելու: Այդ պահանջով են պատգամավորները դիմել Արտահերթ նիստ գումարելու համար:
Շարժման առաջնորդը վստահ է, որ այս իշխանությունն իր հենարանները 90 տոկոսով կորցրել է: Մնացածը տաքարյուն հայտարարություններ են. իշխանությունը հոգեվարքի մեջ է, համոզված ասել է Մանուկյանը:
Ինչ վերաբերում է ԳՇ հայտարարությանը, թե իբր այն վտանգում է ՀՀ անվտանգությունը, ապա Մանուկյանը շեշտել է, որ այսօր Հայաստանի անվտանգությունը զրո վիճակում է: Այն այս պահին ավելի խախտել գրեթե հնարավոր չէ, թեև վարչապետը բավական մեծ փորձեր է կատարում: Բանակի արածը, Մանուկյանի խոսքով, հեղաշրջում չէ: Բանակը պահպանում է երկրի անվտանգությունը, ըստ այդմ՝ պարզում է, թե ով է թշնամին: Փաստորեն, Բանակը կարծում է, որ այսօր անվտանգությունը խաթարող գործոնը Նիկոլ Փաշինյանն է:
«Եվ դուք, և գուցե՝ Նիկոլը, չեք հասկանում, թե ինչ է նշանակում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա. դա վերջնական դատավճիռ է»,- ասաց Մանուկյանը:
Վարչապետի երեկվա կազմակերպած հանրահավաքն էլ վկայությունն է այն բանի, որ վարչապետը կուզեր, որ բախումներ լինեին, դա, ինչպես Մանուկյանն է կարծում, բնորոշ է Նիկոլ Փաշինյանին: Իսկ ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ բախումներ չլինեն: