Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմությանը երկխոսության կոչ է արել:
«Ֆրանսիան կողմ է այդ երկրում երկխոսության հաստատմանը, որը հիմնված է նախագահի (Արմեն Սարգսյանի) և վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) լեգիտիմության վրա։ Անհրաժեշտ է կարգավորել ներքաղաքական իրավիճակը երկրում, որը բավական բարդ ժամանակներ է ապրել», – ասել Է Լե Դրիանը՝ ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Հայկական ժողովրդավարությունը պետք է դիմանա», – ընդգծել է ֆրանսիացի նախարարը:
Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Ժան-Իվ Լե Դրիանի խոսքը ներկայացրել է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել է երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաք: Ընդդիմադիր քաղաքական նախաձեռնության՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների մի մասը փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն անցկացրել է Երևանի Բաղրամյան պողոտայում: Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղադրվել են վրաններ, որտեղ էլ շարժման անդամները գիշերել են: