Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվեցին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակեցին Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրեցին և գիշերն անցկացրին այնտեղ։