2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց: Բանակը հլու-հնազանց ենթարկվեց այդ ջարդին, իսկ ժողովուրդը ծափահարում էր: Այս մասին այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Հիմա կատարվում է երկրորդ քայլը: Նորից փորձ է արվում ջարդել բանակը, որովհետև բանակն ինքնուրույն է: Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, ասեց՝ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելուն: Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ: Դա նշանակում է, որ իրեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, որովհետև ինքը պարտվեց: Իսկ եթե հաղթի, կարողանա ինչ-որ ձևով հանել Օնիկ Գասպարյանին, դրանից հետո բնական է, որ բանակը պետք է ոտքի կանգնի: Այդ ժամանակ Հայաստանի ամենավճռական օրերն են սկսում: Ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, մենք պետք է կանգնացնենք: Այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո «Հայրենիքի փրկության շարժում»-ն Ազգային ժողովի դիմաց հանրահավաք անցացրեց:
Հավելենք, որ Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվեցին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակեցին Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրեցին և գիշերն անցկացրին այնտեղ։ Ավելի վաղ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականը պահանջելու մասին: