Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունն, ըստ էության, ուրվագծում է դրա ընդունման պահին առկա դրությունը ՝ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ։
«Մենք ելնում ենք այն բանից, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է դուրս գալ լուծման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է։ Այս իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով։ Հայաստանը հանդես է եկել և հետագայում հանդես է գալու Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման դիրքերից։
Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո։ Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում կնշանակի Արցախ ՝ առանց հայերի։
Մենք բոլորս հիշում ենք 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում կազմակերպված էթնիկ զտումները, որոնք անմիջական կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ։
Փետրվարի 27-ին լրանում է Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 33-րդ տարելիցը։
«Սումգայիթի դեպքերն ու դրան հաջորդած Բաքվի ջարդերը, որոնք տեղի են ունեցել «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսով, ինչպես նաև ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրագությունները, որոնք կատարվել են Արցախի գրավյալ տարածքներում, մասնավորապես Հադրութի շրջանում, ադրբեջանական բանակի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ, վկայում են, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումն է ի զորու ապահովել հայ բնակչության կյանքն ու անվտանգությունը իր պատմական հայրենիքում»,- ասել է Այվազյանը:
Ինչ վերաբերում է կարգավորման ձևաչափին, ապա հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որն ունի միջազգային մանդատ, որի շրջանակներում պետք է ձեռք բերվի հակամարտության վերջնական քաղաքական լուծում, նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Այս կապակցությամբ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է.խաղաղ կարգավորման առանցքային հարցերն այսօրվա դրությամբ լուծված չեն: Դա լիովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կարծիքի հետ, որը հստակ նշվել է նաև 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ, ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Խոսելով հակամարտության գոտում վերջին էսկալացիայի մասին ՝ Այվազյանն ասել է, որ ագրեսիան Արցախի դեմ, ուժի կիրառումը ՝ որպես հակամարտության լուծման մեթոդ, մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը, ինչպես նաև խափանում է համանախագահների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների միջնորդական ջանքերն ու հեղինակությունը:
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատը և արդյունավետ կգլխավորեն խաղաղ գործընթացը։ Ինչ վերաբերում է Արցախի ՝ որպես Հայաստանի կողմից անկախ պետության ճանաչմանը, ապա Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին։ Այսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել երկարաժամկետ անվտանգության և կայունության ելքը մեր տարածաշրջանում»,- ասել է Արա Այվազյանը։