ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Facebook-ի էջում գրել անդրադարձել է ՀՀ նախագահի՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը չստորագրելու որոշմանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ամփոփենք երեկ տեղի ունեցածը։ Այսպիսով, Հանրապետության նախագահը վերադարձրեց վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ` հայտարարության մեջ նշելով, որ վարչապետի միջնորդությունն (հրամանագրի նախագիծը) առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
Վարչապետը, չգնալով որևէ զիջման, հայտարարեց, որ փաստաթուղթը վերադարձնում է նախագահին եւ հույս ունի, որ այս անգամ նախագահն այն կստորագրի։
Եվ քանի որ Հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ, ապա ակնհայտ է, որ նա կօգտագործի Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը, որի համար ունի եռօրյա ժամկետ։
Սահմանադրական դարատանը գործը պետք է քննի նախագահի դիմումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում։ Ստացվում է, որ երկիրը ևս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որևէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու և ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար։ Երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով»: