ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առցանց նիստին, որը տեղի է ունեցել փետրվարի 24-26-ը:
«Ինչպես բոլոր հայկական պատվիրակությունները, այստեղ էլ ղեկավարում էին ուսապարկային խմբակցության ներկայացուցիչները։ Այս դեպքում 6 հոգանոց պատվիրակությունը 4 իշխանական պատգամավոր էր ներկայացնում, ղեկավարը` Հայկ Կոնջորյան անունով անձնավորությունը: Հասկանալի էր, որ Արցախյան վերջին պատերազմից հետո այս նստաշրջանը շատ կարևոր է լինելու, և առաջին լուրջ դիվանագիտական բախումն է լինելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ»:
Նա շեշտեց, չեն կարող աչք փակել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների անգործության վրա, որոնք երկիր են ներկայացնում:
«Պլենար նիստի ընթացքում ելույթ են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակները։ Վերջինս շատ կեղտոտ ելույթ է ունեցել` հայերին մեղադրելով, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության մեջ։ Իսկ Հայաստանը զրո ելույթով է արձագանքել թուրք-ադրբջանական միացյալ դիվանագիտական ագրեսիային: Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ պետք չէր սպասել, որ ինչ-որ մեկը հոխորտա դրսում, որ մենք խոսեինք։ Մենք պետք է հարձակվողի, այլ ոչ թե պաշտպանվողի դիրքում լինեինք»,-նշեց Արմեն Աշոտյանը։