ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անտրամաբանական է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում Տիրան Խաչատրյանին, դրա փոխարեն ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։
«Ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի այդ առաջարկով Էդմոն Մարուքյանը նորմալ է համարում՝ ԳՇ պետն ու ԳՇ պետի տեղակալը դառնում են քաղաքական գործոն, և իրենց նշանակումը, ազատումը պետք է դառնա քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել, և դա, բնականաբար, չի կարող արտահերթ ընտրությունների համար լինել նախապայման»,- նշեց նա։
Ըստ Ռուբինյանի՝ Էդմոն Մարուքյանն առանց նախապայմանների պետք է արտահերթ ընտրությունների գնալու հուշագիր ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարեր։
Նրա խոսքով՝ զինվորականները չպետք է խառնվեն քաղաքականության մեջ, դա անընդունելի է ժողովրդավարության համար:
«Կա՛մ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնի, կա՛մ նախագահը ստորագրի նրան պաշտոնանկ անելու՝ վարչապետի առաջարկը: Կեղծ է այն մտայնությունը, թե, իբև, առանց ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուցման, հնարավոր է որևէ քայլով կայունություն ապահովել»,-նշեց իշխանական պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, որի դիմաց իրենք պատրաստ են վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։