Այսօր ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Անդրադառնալով վերջին օրերի քաղաքական անցուդարձին, հատկապես վարչապետ- ԳՇ «հակամարտությանը» Թովմասյանը նշեց, որ չի ընդունում այն ձևակերպումը, որ բանակը հեղաշրջման փորձ է արել և ծանոթանալով հայտարարությանը՝ տեսնում է, որ ռազմական գործչի հայտարարություն է, որտեղ հստակ նշվում է, որ թույլ չեն տալու, որ ուժեր հանվեն ժողովրդի դեմ և որպես հանգուցալուծում՝ առաջարկում կառավարության հրաժարականը:
Հարցին՝ արդյոք դա քաղաքական հայտարարություն չէ՞, Թովմասյանը պատասխանեց, որ քանի դեռ պատճառների մասին ոչինչ չգիտի, չի կարող ոչինչ ասել.
«Մենք չգիտենք Գլխավոր շտաբի անդամները՝ պետի ղեկավարությամբ, ինչի՞ց ելնելով են այս հայտարարությունը արեց: Չմոռանանք, որ նոյեմբերի վերջին Օնիկ Գասպարյանը գրել էր հրաժարականի դիմում, և նրա հետ գրեցին շատ գեներալներ: Այդ մասին եղել է մամուլում տեղեկություն, և ՊՆ-ի կողմից չի հերքվել, նույնիսկ կառավարությունից են հորդորել շարունակել մնալ աշխատել, որ բանակը չգնա ցնցումների: Ի՞նչ պատահեց, որ նոյեմբերին հրաժարական է տալիս, չի ընդունվում, և հիմա պահանջ է ներկայացնում, այսինքն՝ բաներ են կատարվում, որ մեզ համար հասանելի չեն, և ամբողջական ինֆորմացիան չտիրապետելով՝ մենք չենք կարող ամբողջական գնահատական տալ»:
Կրկին անդրադառնալով Գլխավոր շտաբի պետի հեռացմանը՝ Թովմասյանը նշեց.
«Ես չեմ հասկանում՝ ինչի՞ պետք է հեռանա Գլխավոր շտաբի պետը, ի՞նչ է արել, թող մեզ ողջամիտ բացատրություն տան, ասեմ՝ այո, ճիշտ է, պետք է գնա: Բայց ես մինչև հիմա այդ հարցի պատասխանը չունեմ, ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պարկեշտ զինվորական է, պատերազմի բովով անցած, վիրավորված, հիմա ի՞նչ եղավ, որ այս մարդը մեզ համար մերժելի դարձավ, երբ մի քանի ամիս առաջ մերժելի չէր: Եթե մենք այսօր բանակի դեմ քայլեր ենք անում, ո՞վ է մեր անվտանգությունը ապահովվելու»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության Հրապարակ հրավիրած հանրահավաքին և «Մարտի 1»-ի գործի բացահայտումներին, պատգամավորն ասաց, որ ցավալի է, որ հետհեղափոխական Հայաստանում մինչև հիմա չկա ամենակարևոր հարցի պատասխանը՝ «Մարտի 1»-ի 10 զոհերն ինչպե՞ս սպանվեցին: