Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, գնանք ընտրության: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ինչ ուզի՝ պատրաստ եմ, ցանկացած հուշագիր ստորագրում եմ՝ կցրի՞: Իրենց փաստարկները պատրվակներ են՝ առանց նախապայմանների, նախապայմաններով։ Պատրաստ եմ կատարել ցանկացած հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնեն, որովհետև դա հղի է ցնցումներով»,- նկատեց Մարուքյանը։
Ըստ Մարուքյանի՝ իշխանություններն ուզում են որքան կարող են երկիրն այս ձևով պահել։
«Ուզում են իրենց ընդդիմադիրներին նստեցնել, բանտերը լցնել էդ մարդկանցով, հետո կազմակերպել ընտրություններ, կամ էլ՝ չէ: Բայց քանի որ պոտենցիալ կոմպետենտություն չունեն՝ անգամ ռեպրեսիաներ անելու, դա էլ իրենց մոտ չի ստացվում: Հետևաբար, տակը մնացել է էս «ղալմաղալը», իրենք կարող են միայն «ղալմաղալ» անել, երկիրը քաոսի վերածել»,- շեշտեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։
Էդմոն Մարուքյանը նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու հիմքեր չի տեսնում։
«Եթե անգամ գործընթացը սկսեն, և ՍԴ-ն նման եզարկացություն տա, իրենք այս խորհրդարանում 88 ձայն չունեն», – նշեց պատգամավորը:
Մարուքյանը խոսեց նաև «Իսկանդեր»-ի խնդրի վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանման մասին։
«Ես չեմ վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին: Եթե մի մարդ երկրի վարչապետ է, իրեն բան են զեկուցել, ինքն էդ զեկուցած ինֆորմացիան մի 4 աղբյուրից չի ճշտել, ինչո՞ւ է հարցազրույցի ժամանակ հայտարարում: Շփոթվա՞ծ է եղել, չէ՞ որ հարցազրույցը ձայնագրություն է եղել, ինչո՞ւ չի հանվել մեր երկիրը խայտառակող այդ դրվագը: Հիմա վարչապետն ուզում է իր խոսնակի միջոցով Իսկանդերի պատմությունը նույնպես գցել ԳՇ պետի «գրպանը»,-նկատեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, որի դիմաց իրենք պատրաստ են վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։